Երեխաների մարմնական պատիժը Հայաստանում
ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է 2018թ. հունիսին
Հայաստանի պարտավորվածությունը մարմնական պատիժն արգելելու գործում
Հայաստանը հայտնեց իր պարտավորվածությունը բոլոր տեսակի մարմնական պատիժն արգելելու համար՝ միանշանակորեն ընդունելով դա անելու հանձնարարականները, որոնք կատարվել էին Հայաստանի Համընդհանուր պարբերական վերանայման ընթացքում 2010 և 2015 թվականներին: Կառավարությունը զեկուցեց, որ արգելումը ներառված է Ընտանեկան օրենսդության փոփոխությունների նախագծերում: Հայաստանը հանդես է գալիս որպես ճանապարհը հարթող երկիր Գլոբալ Համագործակցությամբ` Վերջ դնելու երեխաների հանդեպ բռնությանը, որը հիմնադրվել է 2016 թվականին:
Անհրաժեշտ իրավական բարեփոխումների ամփոփում` ամբողջական արգելքին հասնելու համար
Արգելքին դեռևս պետք է հասնել տանը, որոշակի այլընտրանքային խնամք տրամադրող միջավայրերում և մանկապարտեզներում:
Գործող օրենսդրությունը մարմնական պատիժների կիրառումը չի արտոնում, սակայն դրա միանշանակ արգելք ևս չի ամրագրում։ Տեսականորեն, Ընտանեկան օրենսգրքի Հոդված 53-ը ծնողների կողմից երեխայի դաստիրակության ընթացքում դաժանության, բռնության և ստորացման արգելումը կարգելի մարմնական պատժի կիրառումը ծնողների կողմից, որն անխոս խեղում է երեխայի արժանապատվությունը, սակայն օրենքը չի մեկնաբանվում այդ կերպ, և նման մեկնաբանության հավանականությունը ձախողվում է գրեթե համընդհանուր հասարակական ընդունման և դաստիարակության մեջ մարմնական պատժի կիրառման հետևանքով: Երեխաների իրավունքների խախտումից հավասար պաշտպանության իրականացումն օրենքի համաձայն և ցանկացած տեսակի խախտումներից պաշտպանությունը պահանջում է հստակություն օրենքում, որպեսզի մարմնական պատժի որևէ ձև անընդունելի կամ անօրեն համարվի, առանց բացառության:
Արգելումը պետք է տարածվի ցանկացած տեսակի մարմնական պատժի և այլ նսեմացնող և վիրավորական վերաբերմունքի վրա, տանը և այն բոլոր միջավայրերում, որտեղ մեծահասակները լիազորություններ են կիրառում երեխաների նկատմամբ:
Այլընտրանքային խնամք տրամադրող միջավայրեր. մարմնական պատիժը համարվում է անօրինական խնամք իրականցնող հաստատություններում` 1996թ. Երեխաների իրանվունքների մասին օրենքի համաձայն, այնուամենայնիվ օրենքը հստակորեն չի անդրադառնում մարմնական պատժին: Արտահայտիչ արգելումը պետք է գործադրվի բոլոր այլընտրանքային խնամք տրամադրող միջավայրերի վերաբերյալ (այդ թվում՝ խնամակալական խնամք, անվտանգության վայրեր, արտակարգ իրավիճակում խնամք և այլն):
Մանկապարտեզներ. մարմնական պատիժը պետք է արգելվի փոքր երեխաների խնամք իրականացնող բոլոր հաստատություններում (մսուրներ, նախակրթարաններ, ընտանեկան կենտրոններ և այլն) և ավելի մեծ տարիքի երեխաների համար նախատեսված խնամքի բոլոր հաստատություններում (ցերեկային կենտրոններ, դպրոցից հետո խնամքի վայրեր, դասապատրաստում և այլն):
Մարմնական պատժի ներկայիս օրինականությունը
Տուն
Տանը մարմնական պատժի կիրառումը բնականոն է համարվում: Համաձայն 2004թ. ՀՀ Ընտանեկան օրենսգրքի Հոդված 53-ի (ոչ պաշտոնական թարգմանություն) ՝ «Ծնողների իրավունքը չպետք է գործադրվի երեխաների շահերին ի հակառակ... Ծնողական իրավունքները գործադրելիս ծնողները իրավունք չունեն վնաս հասցնելու իրենց երեխայի ֆիզիկական կամ մտավոր առողջությանը կամ նրանց հոգևոր զարգացմանը: Դաստիարակման մեթոդները պետք է բացառեն արհամարհական, դաժան, անմարդկային վերաբերմունքը, վիրավորանքը և շահագործումը...» 1996թ. Երեխաների իրավունքների մասին օրենքի Հոդված 9-ը սահմանում է, որ յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի բռնությունից պաշտպանության իրավունք, և որ որևէ անձ, այդ թվում` ծնողները, չպետք է երեխայի հանդեպ բռնություն կիրառեն կամ նրա արժանապատվությունը նվաստացնող որևէ պատիժ, իսկ Հոդված 22-ն ամրագրում է երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը: Այդուհանդերձ, ո՛չ այս, ո՛չ էլ 2003թ. Քրեական օրենսգրքի և 1995թ. Սահմանադրության այլ դրույթները չեն կարող մեկնաբանվել որպես երեխայի դաստիարակության ընթացքում մարմնական բոլոր պատիժների արգելք:
Կոմիտեն նշում է, որ 2010թ. դեկտեմբերին Կառավարությունը հանձն է առել երեխաներին վերաբերող օրենսդրության վերլուծություն՝ պետական օրենքները միջազգային չափորոշիչների հետ ներդաշնակեցնելու նկատառումներով:[1] Այդ տարի Կառավարությունն ընդունել է Համընդհանուր պարբերական վերանայման ընթացքում ներկայացված առաջարկությունները` Երեխաների մարմնական պատիժը արգելելու վերաբերյալ:[2] 2011 թվականին Կառավարությունը նաև հայտնեց իր մտադրությունը փոփոխություն կատարելու Երեխաների իրավունքի մասին օրենքում` արգելելու մարմնական պատիժն ընտանիքում և խնամքի այլ ձևերում:[3] 2013 թվականին Կառավարությունը զեկուցել է Երեխայի իրավունքների հանձնաժողովին, որ Ընտանեկան օրենսգրքի փոփոխությունները, որոնց համաձայն կարգելվեն մարմնական պատժի բոլոր ձևերը, Ազգային ժողովի դիտարկման գործընթացում են:[4]
2014 թվականի փետրվարին Գործողությունների ծրագիրը հավանության արժանացավ, որը բխում էր Մարդկային իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից, այդ թվում՝ երեխայի իրավունքների վերաբերյալ միջոցառումները: Ծրագիրը նախատեսում է երեխաների հանդեպ բռնության դեմ պայքարի վերաբերյալ գաղափարի և գործողությունների ծրագրի մշակում, մինչև 2014 թվականի վերջ՝ Կառավարությանը ներկայացնելու նպատակով:[5] 2014 թվականի մայիսին Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով Կոմիտեն զեկուցեց Կառավարությանը, որ տնային բռնության մասին օրինագծի և դրան վերաբերող օրենսդրության ընդունումը հետաձգվել է` սպասելով, որ վերստին թարմացված նախագծերը կներկայացվեն Ազգային ժողովին մինչև 2015 թվականի վերջ. օրենսդրությունը պետք է պարունակեր մարմնական պատժին վերաբերող «պարտադիր կանոնակարգեր»: Կառավարությունը նաև նկատեց, որ Ընտանեկան օրենսդրության փոփոխություններն առաջարկվել են արգելելու մարմնական պատիժը հաստատություններում և ընտանիքում:[6]
2015 թվականին Կառավարությունն ընդունեց մարմնական պատիժը բոլոր միջավայրերում արգելելու առաջարկությունը, որը արվել էր Հայաստանի Համընդհանուր պարբերական վերանայման ընթացում և հաստատեց, որ արգելումը կներառվի Ընտանեկան օրենսդության մեջ` որպես փոփոխությունների նախագծեր:[7] Օրենքի բարեփոխման այլ գործընթացները նույնպես ընթացքում են, ինչը հնարավորություններ է ստեղծում արգելքը գործողության մեջ դնելու, ինչպես նաև նոր Քրեական օրենսգրքի և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներգրավվածության և իրավունքների մասին օրենքի նախագծման համար:[8]
Կառավարությունը զեկուցեց Հաշմանդմություն ունեցող անձանց իրավունքների հարցերով Կոմիտեին, որ Հաշմանդմություն ունեցող անձանց սոցիալական ներգրավվածության և իրավունքների մասին օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովին 2016թ. նոյեմբերին. [9]այն անցավ երկրորդ ընթերցումը 2017թ. մարտին:[10]
Ընտանեկան բռնության մասին օրենքի վերաբերյալ 2011-2015թ. Հայաստանի Գենդերային քաղաքականության ռազմավարական գործողությունների ծրագիրը սահմանում է «գենդերային հիմքով կատարվող բռնության դեմ պայքարող օրենսդրության ապահովման» անհրաժեշտությունը և այս կապակցությամբ նպատակն է «ներկայումս գործող իրավական ակտերի համապատասխանեցումը միջազգային նորմերին» (պարբերություն 50), 2011-2015թ. Գենդերային հիմքով կատարվող բռնության դեմ պայքարի ռազմավարական գործողությունների ծրագիրը՝ որպես կանխարգելիչ նպատակ, ներառում է օրենքների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին (նպատակ 1.1), և Գենդերային հիմքով կատարվող բռնության հարցի ներառումը ծնողների կրթության մեջ, որն առնչվում է «ընտանիքից բռնության դուրս բերումը և երեխայի զարգացման համար անվտանգ միջավայրի ստեղծման» արդյունքին (նպատակ 1.6): Որևիցե մեկը հատկանշականորեն չի առնչվում մարմնական պատժի արգելմանը: Կանանց նկատմամաբ խտրականության վերացման Հանձնաժողովին զեկուցելիս Կառավարությունը զեկուցեց, որ օրենքի նախագծերն ակնկալվում են ավարտի հասցնել մինչև 2016 թվականի վերջ:[11] Օրենքի նախագիծը Կառավարությանն է ներկայացվել 2016թ. սեպտեմբերին:[12] Ընտանեկան բռնության մասին օրենքը ընդունվել է 2017թ. դեկտեմբերին[13]. մենք չենք կարողացել տեսնել տեքստը, սակայն նրանում չկար որևէ ցուցումներ, որ այն հասցեավորում է մարմնական պատիժը:
Հայաստանը հանդես է գալիս որպես ճանապարհը հարթող երկիր Գլոբալ Համագործակցությամբ` Վերջ դնելու երեխաների հանդեպ բռնությանը, որը հիմնադրվել է 2016 թվականին: Սա պարտավորեցնում է Կառավարությանը երեքից հինգ տարվա արագացված գործողությունների` Կայուն Զարգացման նպատակների 16.2 կետում սահմանված նպատակին հասնելու համար:
Այլընտրանքային խնամք տրամադրող միջավայրեր
Մարմնական պատիժը համարվում է անօրինական խնամք իրականցնող հաստատություններում` 1996թ. Երեխաների իրանվունքների մասին օրենքի համաձայն (տե՛ս «Տուն» բաժինը), սակայն չկա ակնհայտ արգելում, և օրենքը չի մեկնաբանվում որպես մարմնական պատիժն արգելող խնամքի ոչ ինստիտուցիոնալ ձևերում: Կիրառելի օրենքը ներառում է 2002թ. «Ծնողական խնամքից զրկված երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը. այն հստակորեն չի արգելում մարմնական պատիժը:
Մանկական խնամք
Չկա մարմնական պատժի հստակ արգելում վաղ մանկության խնամքի բոլոր հաստատություններում և ավելի մեծ երեխաների համար մանկական խնմաքի կենտրոններում: Այն հավանականորեն համարվում է անօրինական նախակրթական հաստատություններում՝ 1999թ. Կրթության մասին օրենքի համաձայն (տես «Դպրոցներ» բաժինը):
Դպրոցներ
Մարմնական պատիժը համարվում է անօրինական դպրոցներում` 1996թ. Երեխաների իրանվունքների մասին օրենքի համաձայն (տե՛ս «Տուն» բաժինը), սակայն չկա ակնհայտ արգելում: 1999թ. Կրթության մասին օրենքի 49(2) հոդվածն արգելում է այնպիսի դասավանդման մեթոդներ, որոնք կիրառում են ֆիզիկական կամ մտավոր ճնշում:
Քրեակատարողական հաստատություններ
Մարմնական պատիժը համարվում է անօրինական՝ որպես դիսցիպլինար միջոց, քրեակատարողական հաստատություններում ըստ 1996թ. Երեխաների իրանվունքների մասին օրենքի, 2003թ. Քրեական օրենսգրքի և 1995թ. Սահմանադրության, սակայն չկա ակնհայտ արգելում: 2002թ. Բանտարկյալների և ձերբակալվածների հետ վերաբերմունքի մասին Օրենքն արգելում է ֆիզիկական բռնություն և անմարդկային կամ արհամարհական գործողություններ և չի նախատեսում մարմնական պատժի որևէ դրույթ: Ուղղիչ օրենսդրության համաձայն, դատավճռի իրագործումը չպետք է ուղեկցվի ֆիզիկական բռնությամբ կամ արհամարհական վերաբերմունքով, և ազատազրկման դատապարտված ոչ մի անձ չպետք է ենթարկվի տանջանքի կամ այլ դաժան, անմարդկային կամ արհամարհական վերաբերմունքի կամ պատժի:
Հանցագործության դատավճիռ
Մարմնական պատիժը համարվում է անօրինական՝ որպես հանցագործության դատավճիռ: Այն անընդունել է որպես դատավճիռ 2003թ. Քրեական օրենսգրքով, և օրենսգրքի 11-րդ հոդվածը փաստում է, որ որևէ մեկը չպետք է ենթարկվի տանջանքի կամ այլ դաժան, անմարդկային կամ արհամարհական վերաբերմունքի կամ պատժի: 1995թ. Սահմանադրության 17-րդ հոդվածը սահմանում է, որ «ոչ ոչ չպետք է ենթարկվի տանջանքի, կամ անմարդկային կամ արհամարհական վերաբերմունքի կամ պատժի» և «կալանավորված, ձերբակալված կամ ազատազրկված բոլոր անձինք իրավունք ունեն արժանանալու մարդկային վերաբերմունքի և արժանապատվության». Քրեական դատավարության օրենսգրքում նույնպես կան նման դրույթներ: Քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագիծը քննարկման ընթացքում է (2015թ.), որը ներառում է մի գլուխ անչափահասների արդարադատության վերաբերյալ:
[1] Նամակ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների նախկին հանձնակատար Թոմաս Համմերբերգին, դեկտեմբերի 21, 2010թ.
[2] Հուլիսի 6, 2010թ., A/HRC/15/9, աշխատանքային խմբի հաշվետվություն, պարբ. 93
[3] Փետրվարի 7, 2011թ, RAP/RCha/AR/IV(2011), Ազգային զեկույց Սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողովին, էջ 67
[4] Հունիսի 5, 2013թ., CRC/C/SR. 1790, 1790-րդ նիստի ամփոփիչ արձանագրություն, պարբ. 3 և 38
[5] Արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանի նամակը Գլոբալ նախաձեռնությանը, մայիսի 12, 2014թ.
[6] Մայիսի 12, 2014, E/C.12/2014/SR.16, ամփոփիչ արձանագրություն, պարբ. 13 և 33
[7] Ապրիլի 13, 2015թ., A/HRC/29/11, աշխատանքային խմբի հաշվետվություն, պարբ. 120(117), հունիսի 5, 2015թ., A/HRC/29/11/Add.1, աշխատանքային խմբի հաշվետվություն. հավելված, պարբ. 120(117)
[8] Օրինակ՝ տե՛ս հուլիսի 2, 2015թ., A/HRC/29/2 նախնական չխմբագրված տարբերակ, Մարդու իրավունքների կոմիտեի քսանիններորդ նիստի զեկույց, պարբ. 496
[9] Հունվարի 5, 2017թ., CRPD/C/ARM/Q/1/Add.1, սկզբնական զեկույցին վերաբերող խնդիրների ցանկի մասով պատասխան, պարբ. 12
[10] 2017թ. մարտ, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվությունը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովին
[11] Հունիսի 16, 2016թ., CEDAW/C/ARM/Q/5-6/Add.1, հիսունվեցերորդ զեկույցին վերաբերող խնդիրների ցանկի մասով պատասխան, պարբ. 42
[12] 2014թ. դեկտեմբեր, CAT/C/ARM/CO/4, եզրափակիչ դիտարկումներ չորրորդ զեկույցի մասով, նախնական չխմբագրված տարբերակ, պարբ. 24
[13] Օրինակ՝ տե՛ս http://asbarez.com/169164/armenia-adopts-law-against-domestic-violence-at-last/, դիտված դեկտեմբերի 20, 2017թ.
Հայաստանի մարդու իրավունքների գրանցման Համընդհանուր պարբերական վերանայում
Հայաստանն ուսումնասիրվել է Հանընդհանուր պարբերական վերանայման առաջին պարբերաշրջանում 2010 թվականին ( սեսիա 8): Կատարվել են հետևյալ առաջարկությունները և ընդունվել են Կառավարության կողմից`[1]
«Ուժեղացնել երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարելուն և կանխարգելելուն ուղղված ջանքերն, այդ թվում՝ մարմնական պատիժը (Բրազիլիա), ընդունել հատուկ օրենսդրություն, որի համաձայն երեխաների նկատմամբ բռնությունը պատժելի կլինի, այդ թվում՝ մարմնական պատժի արգելումը... (Ուրուգվայ)»
Երկրորդ պարբերաշրջանով ուսումնասիրությունը տեղի ունեցավ 2015 թվականին (սեսիա 21):
Կատարվել են հետևյալ առաջարկությունները`[2]
«Բարեփոխել ազգային օրենքը` բոլոր հաստատություններում մարմնական պատիժն արգելելու նպատակով, և մշակել գործարկման մեխանիզմ և պատժամիջոցներ` ըննդեմ երեխաների մարմնական պատժի կիրառման (Լեհաստան)»
Կառավարությունն ընդունեց առաջարկը՝ հայտարարելով, որ այն իրականացվում է և, որ «ազգային օրենսդրությունը բարեփոխելու նպատակով, մասնավորապես համապատասխանեցնելու այն Եվրոպական սոցիալական խարտիային (վերանայված), երեխաների մարմնական պատիժը բացառող դրույթը նախատեսվել է Հայաստանի Ընտանեկան օրենսգրքի վերաբերյալ փոփոխությունների օրենքի նախագծում»:[3]
[1] Հուլիսի 6, 2010թ., A/HRC/15/9, աշխատանքային խմբի հաշվետվություն, պարբ. 93(25)
[2] Հունվարի 27, 2015թ., A/HRC/WG.6/21/L.8 չխմբագրված տարբերակ, աշխատանքային խմբի հաշվետվություն, պարբ. 120.117
[3] Հունիսի 5, 2015թ., A/HRC/29/11/Add.1, աշխատանքային խմբի հաշվետվություն. հավելված, պարբ. 120(117)
Մարդու իրավունքների համաձայնագրի մարմինների կողմից արված առաջարկություններ
Երեխայի իրավունքների հանձնաժողով
(Հուլիսի 8, 2013թ, CRC/C/ARM/CO/3-4, եզրափակիչ դիտարկումներ երրորդ/չորրորդ զեկույցի մասով, պարբ. 24 և 25)
«Հանձնաժողովը մտահոգված է այն տեղեկատվությամբ, որ փակ կամ մասնակի փակ հաստատություններում երեխաները, մասնավորապես Վանաձորի մանկատանը և Վանաձորի խնամքի և պաշտպանության կենտրոնում (գիշերօթիկ դպրոց) թիվ 1, ենթակա են վատ վերաբերմունքի և բռնության: Այն նաև մտահոգված է, որ չնայած այն բանի, որ ինչպես Ընտանեկան օրենսգիրքն, այնպես էլ 1996թ. Երեխաների իրավունքների մասին օրենքը, նախատեսում են դրույթներ մարմնական պատժի վերաբերյալ, կա դրանց գործարկման մեխանիզմների պակաս, և պետական կողմի օրենսդրությունը չի ապահովում պատժամիջոցներ դրանց խախտման դեպքերում:
«Հանձնաժողովը հորդորում է , որ Պետական կողմը նախաձեռնի հրատապ միջոցներ փակ կամ մասնակի փակ հաստատություններում, մասնավորապես Վանաձորի մանկատանը և Վանաձորի խնամքի և պաշտպանության կենտրոնում (գիշերօթիկ դպրոց) թիվ 1, հետաքննելու բռնության անհատական դեպքերը, ինչպես նաև հետապնդեն և պատժեն հանցագործներին: Ավելին, այն առաջարկում է, որ Պետական կողմն արգելի մարմնական պատժի կիրառումը բոլոր միջավայրերում և ապահովի օրենսդրությամբ ամրագրված գործարկման մեխանիզմներ, այդ թվում՝ համապատասխան պատժամիջոցներ բռնության դեպքերի համար: Այն այնուհետև առաջարկում է, որ Պետական կողմն ուժեղացնի և ընդլայնի իրազեկվածության բարձրացումը և կրթական ծրագրերը և արշավները, որպեսզի առաջխաղացվեն դրական, ոչ բռնի և մասնակցային դաստիարակման և կարգապահության ձևեր, և արագացնելու Ընտանեկան բռնության մասին օրենագծի ընդունումը»:
Երեխայի իրավունքների հանձնաժողով
(Փետրվարի 26, 2004թ.,CRC/C/15/Add.225, Եզրափակիչ դիտարկումներ երկրորդ զեկույցի մասով, պարբ. 39 և 40)
«Մինչդեռ հաշվի առնելով, որ Երեխաների իրավունքների մասին օրենքը և Քրեական օրենսգիրքը ներառեն դրույթներ, որոնք կպաշտպանեն երեխաներին բռնության և խախտումների դեմ, Հանձնաժողովը վերստին արտահայտեց իր մտահոգությունը, որ Պետական կողմը դեռևս չի ներկայացրել օրենսդրական և այլ միջոցներ, որոնք մասնավորապես կհասցեավորեն երեխաների դեմ բռնության հարցերը: Հանձնաժողովը մտահոգված է բռնության դեպքերի վերաբերյալ տեղեկատվության պակասի վերաբերյալ, այդ թվում՝ սեռական բռնությունը և արհամարհանքը, և երեխաների հանդեպ վատ վերաբերմունքը, որոնք կարող են տեղի ունենալ մանկական հաստատություններում և ընտանիքում, ինչպես նաև մեխանիզմների համակարգային վերահսկողության հատկանշական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության պակասը` խուսափելու համակարգային անպատժելիությունից բռնության և վատ վերաբերմունքի արտահայտման դեպքերում: Այն նաև մտահոգված է բողոքների մեխանիզմների բացակայությամբ, որոնց հանդեպ երեխաները կարող են աղբյուրներ ունենալ, և այն փաստը, որ միայն բժշկական մասնագետներն են պատասխանատու բռնության և արհամարհանքի դեպքերը զեկուցելու համար:
«Կոմիտեն հորդորում է Պետական կողմին ընդունել հատուկ օրենսդրություն և ձեռնարկել այլ միջոցներ բոլոր հանգամանքներում՝ երեխաների նկատմամբ բռնությունը կանխարգելելու նպատակով, այդ թվում՝ մարմնական պատիժը: Այն նաև առաջարկում է, որ Պետական կողմն ուժեղացնի բռնության ենթարկված երեխաների վերականգնողական և վերաինտեգրման ծրագրերը և ներդնի ճիշտ գործընթացներ և մեխանիզմներ բողոքները ստանալու և վերահսկելու, ինչպես նաև վատ վերաբերմունքի դեպքերը հետաքննելու և հետապնդելու համար: Կոմիտեն հորդորում է Պետական կողմին ապահովելու, որ երեխաների հետ աշխատող բոլոր անձիք, ինչպիսիք են ուսուցիչները և խնամք իրականցնող անձնակազմը, պատասխանատու լինեն բռնության և արհամարհանքի դեպքերը զեկուցելու համար: Կոմիտեն պետությանը խորհուրդ է տալիս իրականացնել երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի հետևանքներին իրազեկության մեծացման միջոցառումներ, խրախուսել մարմնական պատիժների փոխարեն կարգապահության հաստատման ոչ բռնի եղանակների կիրառումը հատկապես ընտանիքում, դպրոցներում և այլ հաստատություններում, ինչպես նաև ապահովել, որպեսզի երեխաների հետ աշխատող բոլոր անձիք, այդ թվում՝ իրավապահ, դատական և առողջապահական ոլորտի անձնակազմը, ուսուցում անցնեն վատ վերաբերմունքի դեպքերը բացահայտելու, արձանագրելու և կարգավորելու գծով:
Երեխայի իրավունքների հանձնաժողով
(Փետրվարի 24, 2000թ., CRC/C/15/Add.119, Եզրափակիչ դիտարկումներ սկզբնական զեկույցի մասով, պարբ. 32 և 33)
«… Անկախ Երեխաների իրավունքների մասին օրենքով սահմանված պաշտպանությունից՝ Հանձնաժողովը մտահոգություն է հայտնել ոչ միայն դպրոցներում և այլ հաստատություններում, այլ նաև ընտանիքում երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի, ներառյալ սեռական բռնության դրսևորումների վերաբերյալ...
«Հիմք ընդունելով, ի թիվս այլոց, Կոնվենցիայի 19 և 39 հոդվածները՝ Հանձնաժողովը Պետական կողմին խորհուրդ է տալիս լրիվ արգելել երեխաների նկատմամբ ընտանիքում, դպրոցներում և խնամքի հաստատություններում ֆիզիկական և հոգեբանական բռնության, այդ թվում՝ մարմնական պատիժը և սեռական բռնության գործադրման բոլոր դրսևորումները: Անհրաժեշտ է կատարելագործել բռնության ենթարկված երեխաների վերականգնողական և վերաինտեգրման ծրագրերը, ինչպես նաև ներդնել բողոքների ընդունման և մոնիտորինգի, ինչպես նաև վատ վերաբերմունքի դեպքերի հետաքննման և պատժման նպատակահարմար ընթացակարգեր և մեխանիզմներ: Հանձնաժողովը Պետական կողմին խորհուրդ է տալիս իրականացնել երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքին և դրա բացասական հետևանքներին իրազեկության մեծացման միջոցառումներ: Հանձնաժողովը Պետական կողմին խորհուրդ է տալիս, հատկապես ընտանիքում և դպրոցներում, խրախուսել մարմնական պատժի փոխարեն կարգապահության ապահովման ոչ բռնի եղանակների կիրառումը: Հանձնաժողովը խորհուրդ է տալիս կազմակերպել ուսուցիչների, իրավապահների, խնամքի հաստատությունների աշխատակիցների, դատավորների և առողջապահական հիմնարկների անձնակազմի ուսուցում վատ վերաբերմունքի դեպքերը բացահայտելու, արձանագրելու և կարգավորելու գծով»:
Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հանձնաժողով
(Մայիսի 23, 2014թ., E/C.12/ARM/CO/2-3 նախնական չխմբագրված տարբերակ, եզրափակիչ դիտարկումներ երկրորդ/երրորդ զեկույցի մասով, պարբ. 19)
«Հանձնաժողովը մտահոգ է այն փաստով, որ, չնայած երեխաներին մանկատներից ընտանիք վերադարձնելու պետական ծրագրի առկայությանը, այդ հաստատություններում գտնվող և մեծ մասամբ ընտանիք ունեցող երեխաների թիվը դեռևս խիստ բարձր է: Հանձնաժողովի մտահոգության առարկա են նաև այն ընտանիքները, որոնք, ծնողական իրավունքները պահպանելով հանդերձ, հարկադրված են տնտեսական դժվարությունների պատճառով իրենց երեխաներին ուղարկել գիշերօթիկ դպրոց և խնամքի այլ հաստատություններ, քանի որ զուրկ են նրանց տարրական կարիքները հոգալու միջոցներից: Բացի այդ, Հանձնաժողովը մտահոգ է նաև երեխաներին մարմնական պատժից պաշտպանելու խնդրով (հոդ. 10):
Հանձնաժողովը Պետական կողմին խորհուրդ է տալիս.
ա) մեծացնել անապահով ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական և ֆինանսական աջակցությունը՝ ներառյալ ծայր աղքատության մեջ ապրող ընտանիքներին բավարար մանկական նպաստների հատկացումը, ինչը նրանց թույլ կտա խուսափել երեխաներին տնտեսական պատճառներով գիշերօթիկ դպրոց կամ մանկատուն ուղարկելուց,
բ) արագացնել խնամքի այլընտրանքային, ընտանիքի և համայնքի վրա հիմնված համակարգերի ստեղծման գործընթացը՝ մանկատնային խնամքը կիրառելով միայն ծայրահեղ դեպքերում,
գ) Կրթության և գիտության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գտնվող հաստատություններում ներդնել երեխաների իրավունքների անկախ մոնիտորինգ,
դ) բոլոր միջավայրերում արգելել երեխաների մարմնական պատիժը, և այն գործադրողների նկատմամբ կիրառել պատժամիջոցներ»։
Սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողով
(2016թ. հունվար, 2015թ. եզրակացություններ)
«Հանձնաժողովի նախորդ եզրակացությամբ արձանագրվել էր, որ իրավիճակը չի բավարարում Խարտիայի պահանջները, քանի որ տանը կիրառվող մարմնական պատիժը բացահայտորեն արգելված չէ։
«Հանձնաժողովը Երեխաների մարմնական պատիժների արգելման գլոբալ նախաձեռնության առնչությամբ նշում է, որ տանը, խնամքի այլընտրանքային հաստատություններում և դպրոցներում դրանց կիրառումը դեռևս արգելված չէ։ Գործող օրենսդրությունը մարմնական պատժի կիրառումը չի արտոնում, սակայն դրա միանշանակ արգելք ևս չի ամրագրում։ Տեսականորեն, Ընտանեկան օրենսգրքի՝ ծնողների կողմից երեխայի դաստիարակության ընթացքում դաժանությունը, բռնությունը և ստորացումն արգելող Հոդված 53-ը կարող էր երեխաների արժանապատվությունը միանշանակ նսեմացնող մարմնական պատժի կիրառման համար արգելք հանդիսանալ, սակայն այդ դրույթն այս կերպ չի մեկնաբանվում, ինչի պատճառը երեխայի դաստիարակության ընթացքում մարմնական պատժի գրեթե համատարած կիրառումը և այդ երևույթի նկատմամբ առկա սոցիալական հանդուրժողականությունն են։
«Կառավարական հանձնաժողովի կողմից Կառավարության նիստին ներկայացված հաշվետվության (TS-G (2011)1, §377) առնչությամբ Հանձնաժողովը նշում է, որ Երեխաների իրավունքների մասին օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի բռնությունից պաշտպանության իրավունք, և ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության, կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի: Ընտանեկան բռնության մասին օրենքի նոր նախագիծը ներառում է մարմնական պատիժը միանշանակ արգելող դրույթ։
«Հաշվետվության առնչությամբ Հանձնաժողովը նշում է, որ օրենսդրությունը վերանայված Եվրոպական սոցիալական խարտիային համապատասխանեցնելու նպատակով, ինչպես նաև երեխայի շահերի պաշտպանության առաջնահերթությունից ելնելով՝ Ընտանեկան օրենսգրքում ներառվել է ծեծը՝ որպես երեխայի դաստիրակության միջոց, կիրառելը բացառող դրույթ։
«Ըստ այդմ, Հանձնաժողովը Երեխաների մարմնական պատիժների արգելման գլոբալ նախաձեռնության առնչությամբ նշում է, որ Կառավարությունը 2015թ. ընդունել է Հայաստանի վերաբերյալ Համընդհանուր պարբերական դիտարկման ժամանակ տրված՝ բոլոր միջավայրերում մարմնական պատիժն արգելելու խորհուրդը և հաստատել, որ արգելքը նախատեսվում է ներառել Ընտանեկան օրենսգրքի փոփոխությունների նախագծում։ Հանձնաժողովը խնդրում է հաջորդ հաշվետվությամբ տեղեկացնել Ընտանեկան օրենսգրքում՝ տանը երեխաների մարմնական պատժի բոլոր տեսակներն արգելող դրույթի ներառման մասին։
«Հանձնաժողովը նշում է, որ նախկինում Խարտիային ոչ համապատասխան համարված իրավիճակը հաշվետվու ժամանակահատվածում փոփոխություն չի կրել: Հանձնաժողովը շեշտում է անհամապատասխանության փաստը՝ հիմք ընդունելով տանը կիրառվող մարմնական պատժի արգելված չլինելու հանգամանքը»:
«Հանձնաժողովը եզրակացնում է, որ Հայաստանում առկա իրավիճակը չի բավարարում Խարտիայի Հոդված 17§1-ի պահանջները, քանի որ ... երեխաների նկատմամբ տանը կիրառվող մարմնական պատժի ոչ բոլոր տեսակներն են արգելված»։
Սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողով
(2012թ. հունվար, 2011թ. եզրակացություններ)
«Հանձնաժողովի նախորդ եզրակացությամբ արձանագրվել էր, որ իրավիճակը չի բավարարում Խարտիայի պահանջները, քանի որ տանը կիրառվող մարմնական պատիժը բացահայտորեն արգելված չէ։ Այս առնչությամբ Հանձնաժողովը ի գիտություն է ընդունում Կառավարության նիստին Կառավարական հանձնաժողովի կողմից Սոցիալական խարտիայի վերաբերյալ ներկայացված հաշվետվության (TS-G (2009) 4, §250) մեջ պարունակվող տեղեկությունները։
Հանձնաժողովը նշում է, որ 2010թ. դեկտեմբերին Կառավարությունը հանձն է առել երեխաներին վերաբերող օրենսդրության վերլուծություն՝ պետական օրենքները միջազգային չափորոշիչների հետ ներդաշնակեցնելու նկատառումներով: Այդ տարի Կառավարությունը նաև ընդունել է Մարդու իրավունքների խորհրդի կողմից Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացքում տրված՝ երեխաների մարմնական պատժի արգելմանը նպատակաուղղված խորհուրդները: Հանձնաժողովը ցանկանում է իրազեկ լինել այդ ոլորտում տեղի ունենալիք զարգացումներին:
«Հիմնվելով այլ աղբյուրների վրա՝ Հանձնաժողովը նշում է, որ տանը մարմնական պատժի կիրառումը բնականոն է համարվում: Ընտանեկան օրենսգրքի (2004) Հոդված 53-ի համաձայն՝ երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը՝ որպես դաստիարակության միջոց կիրառելը, ինչպես նաև նրանց նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը...»: Երեխաների իրավունքների մասին օրենքի (1996) Հոդված 9-ի համաձայն՝ յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի բռնությունից պաշտպանության իրավունք, և ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, իսկ Հոդված 22-ն ամրագրում է երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը: Այդուհանդերձ, ո՛չ այս, ո՛չ էլ Քրեական օրենսգրքի (2003) և Սահմանադրության (1995) այլ դրույթները չեն կարող մեկնաբանվել որպես երեխայի դաստիարակության ընթացքում մարմնական բոլոր պատիժների արգելում:
«Հանձնաժողովը գտնում է, որ նախկինում Խարտիային ոչ համապատասխան համարված իրավիճակը չի փոխվել: Հանձնաժողովը վերահաստատում է այս առնչությամբ նախկինում բացահայտված անհամապատասխանության փաստը:
«Հանձնաժողովը եզրակացնում է, որ Հայաստանում առկա իրավիճակը չի բավարարում Խարտիայի Հոդված 17§1-ի պահանջները, քանի որ.
- տանը կիրառվող մարմնական պատիժը միանշանակ արգելված չէ»:
Սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողով
(2007թ., Եզրակացություններ XVIII-1, հատոր 1)
«Երեխաների իրավունքների մասին օրենքի Հոդված 9-ի համաձայն՝ յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի, այդ թվում՝ ֆիզիկական, հոգեկան և այլ բռնությունից պաշտպանության իրավունք, և ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի: Քրեական օրենսգիրքն արգելում է խոշտանգումը (Հոդված 110), խնամակալական պարտականությունների չարաշահումը (Հոդված 126), մարդու պատվի ու արժանապատվության ստորացումը (Հոդված 132) և խիստ պատիժներ նախատեսում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների համար: Ամուսնության և ընտանիքի օրենսգրքի Հոդված 68-ի համաձայն՝ ծնողները կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե չարաշահում են այդ իրավունքները կամ դաժանաբար վարվում երեխաների հետ:
«Հիմնվելով այլ աղբյուրների վրա՝ Հանձնաժողովը նշում է, որ թեև օրենքն արգելում է մարմնական պատժի կիրառումը դպրոցներում, ուղղիչ հիմնարկներում, ինչպես նաև որպես հանցանքի համար պատիժ, ընտանիքում կամ երեխաների խնամքի այլ հաստատություններում կամ վայրերում մարմնական պատժի կիրառումը միանշանակ արգելող դրույթ առկա չէ: Բացի այդ, Հանձնաժողովը մեկ այլ աղբյուրի վրա հիմնվելով՝ եզրակացնում է, որ Երեխաների իրավունքների մասին օրենքի վերոհիշյալ պահանջը չի մեկնաբանվում որպես տանը մարմնական պատժի կիրառումն արգելող դրույթ: Հանձնաժողովը հղում է կատարում վերանայված Խարտիայի Հոդված 17-ին, որը պահանջում է օրենսդրությամբ արգելել երեխաների նկատմամբ ցանկացած տեսակի բռնության գործադրումը դպրոցում, այլ հաստատություններում, տանը և այլուր: Հանձնաժողովը գտնում է, որ այդ արգելքը պետք է համակցվի քրեական կամ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված բավարար պատժամիջոցների հետ: Հաշվի առնելով, որ օրենսդրությունը չի արգելում ընտանիքում կամ երեխայի խնամքի այլ վայրերում և ուղղիչ հիմնարկներից բացի այլ հաստատություններում մարմնական պատիժների կիրառումը՝ Հանձնաժողովը գտնում է, որ իրավիճակը չի բավարարում վերանայված Խարտիայի Հոդված 17-ի պահանջները: Ինչ վերաբերում է դպրոցներում և ուղղիչ հիմնարկներում մարմնական պատժի արգելքին, Հանձնաժողովը կցանկանար իմանալ, թե այդ արգելքն ինչպես է ապահովվում գործնականում:
...
«Հանձնաժողովը եզրակացնում է, որ Հայաստանում առկա իրավիճակը չի բավարարում վերանայված Խարտիայի Հոդված 17§1-ի պահանջները, քանի որ երեխաների նկատմամբ ընտանիքում և խնամքի այլ վայրերում մարմնական պատժի կիրառումն արգելված չէ»:
Տարածվածության/վերաբերմունքի ուսումնասիրությունը վերջին տասը տարում
Ըստ UNICEF-ի կողմից 2005-ից մինչև 2013 թվականները հավաքագրված վիճակագրության՝ 2-ից 14 տարեկան երեխաների 70%-ի նկատմամբ հետազոտությանը նախորդող մեկ ամսվա ընթացքում տանը կիրառվել են բռնության տեսքով «կարգապահական միջոցներ» (մարմնական պատիժ և/կամ հոգեբանական ճնշում): 43%-ը ենթարկվել է ֆիզիկական պատժի, իսկ 66%-ը՝ հոգեբանական ճնշման (բղավոց, ճիչեր կամ վիրավորանք): Մայրերի և խնամողների էապես փոքր մասը (3%) գտնում էին, որ դաստիարակության համար ֆիզիկական պատիժն անհրաժեշտ է:
(UNICEF (2014), Hidden in Plain Sight: A statistical analysis of violence against children, NY: UNICEF)
Հասարակական դիտորդների խմբի կողմից Կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ կրթական հաստատություններում առկա իրավիճակի վերաբերյալ 2010-2011թ.թ. հաշվետվությունը, որի առարկան են եղել երեխաների այլընտրանքային խնամքի 13 «հատուկ գիշերօթիկ դպրոցներ», տեղեկացրել է, որ անձնակազմը բռնություն է գործադրել երեխաների նկատմամբ և վերջիններիս խրախուսել պատժել միմյանց:
(Տե՛ս Armenia Now, հունվարի 16, 2013թ.)
Կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. ապրիլի այցի ընթացքում երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններում բացահայտվել են երեխաների նկատմամբ ֆիզիկական և այլ ստորացուցիչ պատժի կիրառման փաստեր: Օրինակ՝ այցի ընթացքում երեխաներին պատժել են դասի ժամանակ կանգնած մնալ ստիպելու կամ գրիչով մատներին հարվածելու եղանակով. երեխաները վախենում էին տնօրինությունից և միմյանց հետ ընդհարվելիս նրան չէին դիմում: Արդյունքում գիշերօթիկ հաստատության տնօրենն ազատվել է աշխատանքից, իսկ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը և պատասխանատու վարչության պետը նկատողություն են ստացել:
(Գլոբալ նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տրմադրված տեղեկություններ, օգոստոսի 19, 2014թ.)
Այս էջը թարգմանվել է մեր գործընկեր ՝ Թարգմանիչներ առանց սահմանների կողմից: Մեկնաբանությունը կամ բովանդակությունը կամ թարգմանությունը շտկելու համար գրեք մեզ info@endcorporalpunishment.org կայքում